Հետաքրքիր փաստեր Բեթհովենի կյանքից

1770 թվականի դեկտեմբերի 17-ին ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բոլոր ժամանակների հանճար Լյուդվիգ վան Բեթհովենը: Շատերը նրա ստեղծագործությունները դասում են կլասիցիզմին և ռոմանտիզմին, սակայն իրականում այն դուրս է գալիս սահմանված շրջանակներից: Բեթհովենի ստեղծագործություններն առաջին հերթին իր հանճարեղ անհատականության արտահայտումն է: Առաջարկում ենք Ձեզ նրա կյանքի վերաբերյալ մի քանի հետաքրքիր փաստեր:

1.Բեթհովենի հայրը` Յոհանը, պալատական երգիչ էր, տենոր, իսկ մայրը` Մարիա-Մագդալինան` շեֆ-խոհարարի դուստր, ով աշխատում էր պալատում: Բեթհովենը նրանց ավագ որդին էր և ուներ վեց եղբայր: Հայրը ցանկանում էր փոքր Լյուդվիգին Մոցարտ դարձնել, և վաղ հասակից ստիպում էր ջութակ և կլավիսին նվագել: Գերհոգնածությունից և դաժան վերաբերմունքից վիրավորված՝ Բեթհովենը հաճախ էր փախչում տանից։

2. Բեթհովենը միշտ առանձնացել է իր արտաքին տեքսով: Նա գրեթե միշտ թափթփված է եղել ու մազերը գզգզված:  Բեթհովենը շատ կտրուկ բնավորություն է ունեցել. մի անգամ, երբ նվագել է հանրային վայրում, հյուրերից մեկը սկսել է խոսել կնոջ հետ: Բեթհովենն անմիջապես դադարեցրել է ելույթը և ասել. «Այս խոզերի համար ես չեմ նվագի»: Դրանից հետ նա նույնիսկ ներողություն չի խնդրել:

3. 1796 թվականի Բեթհովենի լսողությունն աստիճանաբար վատանում է. սկսում է բորբոքվել ներքին ականջը: Բժիշկների խորհրդով նա առանձնանում է Հայլիգենշտադտ քաղաքում, սակայն լռությունը և խաղաղությունը դրական ազդեցություն չեն տալիս: Բեթհովենը սկսում է հասկանալ, որ իր խլությունը չի բուժվում: Դրանից հետո նա հազվադեպ է տնից դուրս գալիս, դառնում փակ, մեկուսացված: Հենց այդ տարիներին էլ աշխարհահռչակ երաժիշտը ստեղծում է իր ամենահայտնի գործերը:

4.Մի անգամ Բեթհովենը և Գյոթեն զբոսնելիս հանդիպում են կայսրուհուն: Գյոթեն, մի կողմ քաշվելով, խոնարհվում է, իսկ Բեթհովենն անցնում է պալատականների միջով` հազիվ կպնելով գլխարկին:

5. Բեթհովենը չէր կարող բազմապատկել:

6.  Նախքան ինչ-որ բան ստեղծագործելը Բեթհովենը իր գլուխը մտցնում  էր սառցե ջրի մեջ:

7. Որոշ ժամանակ Բեթհովենը սովորել էր ավստրիացի կոմպոզիտոր և երաժշտական տեսաբան Յոհան Ալբրեխտսբերգերի մոտ: Իր համառությամբ Բեթհովենը անդադար բարկացնում էր ուսուցչին: Մի անգամ Ալբրեխտսբերգերը նույնիսկ ասել է. «Այս հիմարը ոչ մի բան չսովորեց և երբեք չի սովորի»:

8.  Բեթհովենը միշտ սուրճ էր պատրաստում 64 հատիկներից:

Աղբույր`http://life.panorama.am/

 

Մոցարտի մասին

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Զալցբուրգ – դեկտեմբերի 5, 1791,Վիեննա), ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։ Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, իսկ նրա գործերը այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։

Մանկություն 

Untitled

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ եկան շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա գտնում էր կլավիսինի բարեհնչյուն ինտերվալներ։ Նրա հայրը՝ Լեոպոլդ Մոցարտը եվրոպական առաջատար մանկավարժ էր։ Նա սովորեցրեց Վոլֆգանգին կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։

1762 թվականին Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, Փարիզ, Լոնդոն, Հոլանդիա, Շվեյցարիա։

1763 թվականին Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները։ 1766-1769թվականներին ապրելով Զալցբուրգում և Վիեննայում՝ Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի,Ստրադլլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ II-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (իտալ.՝ La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա կոմպոզիտորի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն, և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա։

Այս տարիքում Մոցարտը արդեն կրում էր Հրաշամանուկ անվանումը։ Հայրը նաև մեծ ուշադրություն էր դարձնում որդու կրթությանը։ Մոցարտը ուսումնասիրում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերենով սովորում մաթեմատիկա։

 

Մոցարտի սոնատները

Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա նոր տիպի սոնատի հիմնադիրն է։ Իր սոնատներում Մոցարտը օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ ցիկլի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Նրա սոնատները օժտված են վառ մեղադայնությամբ։ Մոցարտի լյա մաժոր սոնատը դուրս է դասական սոնատի սկզբունքներից և ունի լայն ճանաչում։ Բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը գրված է վարիացիոն ձևում։ Բաղկացած է 6 վարիացիաներից։ 2-րդ մասը կոչվում է մենուետ, իսկ 3-րդը ռոնդո։

 

Ղազարոս Աղայանի մասին

Փառահեղ ծերունի էր՝ բարձրահասակ, թիկնեղ ու լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ, ճերմակ մորուքը՝ ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե՛ր. նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ: Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպի ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ-անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:

Ընդունելով բոլոր բարևները՝ քայլում էր հանդարտ ու խոհուն, թվում է՝ նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անանձնական են և միանգամայն հանուր: Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին՝ ընդունելով նրանց բարևները: Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր միշտ, թե հարցնում էր.
-Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս…
Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից, բացասականի ժամանակ՝ տխրում ու դառնում խոհուն:
Առաջին անգամ ես նրա իսկական խոսքը լսեցի մի ժողովում: Վեր կացավ նա պատկառելի ու խրոխտ և սկսեց: Ես երբեք չեմ տեսել այդպիսի խոսող՝ ոչ առաջ, ոչ հետո: Կարծում եք՝ խոսքս վերաբերում է նրա հռետորությա՞նը, պերճախոսությա՞նը: Ամենևի՛ն: Աղայանը հռետոր չէր. նա խոսում էր ուրիշ մի ձևով: Ով էլ տեսներ նրան այդ պահին, իսկույն կասեր, որ դա ուսուցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ՝ անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով: Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան, նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ: Այնքան մշակված էին մանկավարժական շարժումները, որ զգում էիր անգամ, թե ո՛րտեղ է դնում բութը: Մանկավարժի պրոֆեսիան իր կնիքը այնպես ամուր էր դրել Աղայանի վրա, որ նա թե՛ վերաբերմունքով, և թե՛ հոգեբանորեն մնացել էր ուսուցիչ: Եվ ամենքն այդպես էլ ընդունում էին նրան ու հարգում, մանավանդ որպես ժողովրդի մարդու, որ լավապես իրազեկ է ժողովրդի կարիքներին ու պահանջներին: Նրա խոսքի մեջ զգացվում էր ժողովուրդը:

Երկրորդ անգամ ես նրան լսեցի ավելի մտերմական շրջանում և դարձյալ խորապես զգացի նրա ժողովրդային հոգին և մեծ հեղինակությունը: Այս անգամ եկել էր «Սուրհանդակ» թերթի խմբագրատուն: Պարզվեց, որ եկել էր հատկապես Նար-Դոսի մոտ՝ շնորհավորելու նրա նոր վեպը՝ «Պայքարը»: Նրա մտերմական խոսելակերպի մեջ ես դարձյալ զգում էի ուսուցչի վերաբերմունք, որն իր պարտքն է համարում ուրախանալ աշակերտի առաջադիմությամբ և պարտավոր է զգում քաջալերել լավը:

-Մի՛ ամաչեք մեր լեզվից: Փողոցով անցնելիս բարձր խոսեք, որ ամենքը՝ օտարներն էլ զգան, թե կա հայ ժողովուրդ ու հայոց լեզու, որ ոչ մի բանով պակաս չէ ուրիշ լեզուներից… Լա՛վ կացեք, լավ բաներ գրեցեք ու տպեցեք,-ասաց նա, ինչպես դասարանից դուրս եկող ուսուցիչը:
Ու գնաց պարթևահասակ, բարձրագլուխ ու այնպես զվարթ, որ ինձ թվաց, թե նա դեռ երկար կմնա այդպես: Գնաց՝ թողնելով հիացմունք ու հարգանք: Բայց մի քանի օր անց լսեցինք նրա մահը: Առաջին պահ դա ինձ թվաց անհավատալի, . ինչպե՞ս կարող էր մեռնել այդ գեղեցիկ, ատլետի կազմվածքով մարդը: Սակայն նա մեռավ գեղեցիկ մահով, ինչպես հերոսն է մեռնում՝ պայքարի մեջ. այն պահին, երբ հակառակորդի դեմ գրած հոդվածը գրպանում գնում էր խմբագրատուն: Մեռավ նույն Վելյամինովսկի փողոցում, որտեղից նա հսկում էր հայոց կյանքը, լեզուն ու գրականությունը:

 

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Աղբյուրը՝ ,,Տիգրան Հայրապետյան,, գրադարան

 

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Աղբյուրը՝ https://armineab.wordpress.com

 

Անծանոթ բառեր

սովդաքար-վաճառական, առևտրական

ռոճիկ-աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն

համքար-արհեստակից

վախճանվել-մահանալ

հոգոց-վերջի պահին մահանալ

դահիճ-անողոք մարդասպաններ